Ալիևը դարձել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը․ Իշխան Սաղաթելյան

10 Փետրվարի 2026, 17:51

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ալիևը ընտրակաշառք է բաժանում, նա դարձել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը՝ ցորեն, բենզին, առաջիկայում նոր բաներ կուղարկի։ Դա առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի համար մենք ստիպված ենք լինելու վճարել տարածքներով և արյունով։ Հարցն այն է՝ մեր ժողովուրդը կընդունի դա, թե ոչ։ Եթե ոչ, իսկ ես կարծում եմ, որ ոչ, ապա ով էլ դրսից աջակցի, արդյունք չի լինի։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Իր կառավարման 8 տարիներից 5-ը շարունակ եղել են զիջումների, կորստի և ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու է հանձնել։

Երբ-որ իրենցից մեկին տեսնեք՝ խնդրում եմ ուղիղ հարցրեք՝ ասել եք, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքն ինչի՞ մասին է, արդյո՞ք պատրաստվում եք, օրինակ, հանձնել Տիգրանաշենը։ Մարդն ուղիղ հայտարարել է, որ եթե վերընտրվեմ հանձնելու եմ։ Հետևաբար, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին է խոսքը», — նշել է Սաղաթելյանը։