Ալիևը հաստատուն միտք ունի, որ աշխարհում չպետք է հայեր լինեն. Գլեբ Կուզնեցով
07 Դեկտեմբերի 2024, 14:17
Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հավանականությունը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունները, ինչպես նաև Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, թե Անկարան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
Փորձագետի խոսքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին խոսք լինել չի կարող.
«Նախ, քանի դեռ Հայաստանը համապարփակ խաղաղության պայմանագիր չի կնքել Ադրբեջանի հետ, քանի դեռ նորմալ չեն կարգավորվել հարաբերությունները Թուրքիայի հետ, ԵՄ-ին անդամակցելու մասին խոսք լինել չի կարող։ Երկրորդ՝ տնտեսապես Հայաստանը բացարձակապես հետաքրքիր չէ ԵՄ-ին։ Եվ երրորդ՝ Հայաստանը եվրոպական հանրությանն առաջարկելու ոչինչ չունի ։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, բայց դա չի նշանակում, որ նա չի փորձում բոլոր ուղղություններով որոշակի առավելագույնը ստանալ»,- ասել է Կուզնեցովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի համար Արևմուտքին ազդանշան ուղարկելու լավագույն միջոցը, որ ինքն իրենց ընկերն է, հակառուսական բան ասելն է:
«ԵՄ-ին միշտ հետաքրքիր է, թե որքան ուժեղ և ինտենսիվ է Ռուսաստանի դեմ հանդես գալիս միջազգային քաղաքականության այս կամ այն սուբյեկտը։ Այսինքն՝ միակ բանը, որ ԵՄ-ն կարող է արձանագրել Հայաստանի նվաճման մեջ, այն է, որ Հայաստանն ասել է՝ հեռու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, իսկ շուտով, հնարավոր է, ավելի հեռուն գնալ։ Փաշինյանն անընդհատ ազդանշաններ է ուղարկում բոլորին, և Արևմուտքին ազդանշան ուղարկելու լավագույն միջոցը, որ ինքն իրենց ընկերն է, հակառուսական ինչ-որ բան ասելն է»,- նշել է Կուզնեցովը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա, ըստ քաղաքագետի, դա կարելի էր անել երկու օրում, սակայն Ալիևը (Ադրբեջանի նախագահը) հաստատուն միտք ունի, որ աշխարհում հայեր չպետք է լինեն։
«Եթե ադրբեջանական կողմը ցանկանար խաղաղության պայմանագիր կնքել, տեսականորեն դա կարելի էր անել մեկ-երկու օրում։ Ալիևը հաստատուն միտք ունի, որ աշխարհում հայեր չպետք է լինեն: Նրան կարելի է ստիպել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել միայն ավագ գործընկերների ճնշման ներքո, դա կարող է լինել Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը, ցանկացած մեկը, բայց նրանք պետք է շատ լուրջ ճնշում գործադրեն Ալիևի վրա։
Այսօր Հայաստանի ղեկավարության համար բանակցային ուղին ինքնին միջոց է՝ բացատրելու սեփական ժողովրդին, իր ընտրողներին, որ ամեն ինչ իրականում ընթանում է ճիշտ ուղղությամբ: Որովհետև այս անվերջ նվաստացումը, որին Հայաստանի ղեկավարությունը ենթարկվել է Ադրբեջանի կողմից վերջին տարիներին, ինչ-որ լավ բացատրության կարիք ունի»,- ասել է Կուզնեցովը։
Փորձագետը նաև նշել է, որ Թուրքիան ներկայանում է որպես խաղաղարար։
«Անկարայի հայտարարությունն այն մասին, որ ակնկալում է խաղաղության համաձայնագիր Երևանի և Բաքվի միջև, անհրաժեշտ քաղաքական ծիսակարգի մի մասն է, քանի որ Էրդողանը (Թուրքիայի նախագահը) հանդես է գալիս որպես խաղաղարար: Նա խոսում է այն մասին, որ Թուրքիայի ազդեցությունը շրջակա բոլոր երկրների վրա չափազանց շահավետ է»,- եզրափակել է Կուզնեցովը։