Ալիևը մոռացել է, որ Ադրբեջանն ամենաշատ կորուստներն ունեցել է իր հոր իշխանության ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակի առթիվ, օկուպացված Շուշիից ժողովրդին ուղերձ է հղել:

Ալիևն իր ելույթում ընդգծել է՝ պատահական չէ, որ Շուշիից է նախընտրել ժողովրդին ուղերձ հղել, և ոչ թե Բաքվից:

«Շուշին մեղ հաղթանակի խորհրդանիշն է, մեր հաղթանակի թագը: Շուշին օկուպացիայից ազատելուց հետո հենց այս հրապարակում ադրբեջանցի խիզախ զինվորականները զեկուցեցին ինձ այդ մասին: Այս շենքի վրա բարձրացվեց ադրբեջանական դրոշը, Շուշիի ազատագրումը մեր պատմական հաղթանակի հիմնական մասն էր: Մեկ օր անց Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ մայիսի 2-ից գտնվում է Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» ու պարծեցել, որ այդ ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, տասը գյուղերի հիմքեր են դրվել:

«Մոտ տասը օր գտնվելով Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, ևս մեկ անգամ ականատես եմ լինում, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղն ու «Արևելյան Զանգեզուրը» վերածնվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ այդ աշխատանքի հիմքում դրված են ադրբեջանական ժողովրդի շահերը:

Նա շեշտել է, որ իրենք կյանքի են կոչել Հեյդար Ալիևի և ադրբեջանցի ժողովրդի երազանքը՝ ազատագրել են Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրը:

Մինչդեռ, տարիներ առաջ համացանցում հայտնված տեսանյութում էլ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը խոստովանում, որ «Լեռնային Ղարաբաղն այլևս Ադրբեջան չէ և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում պետական հայեցակարգ կամ քաղաքականություն չունի»:

Ժողովրդին ուղղված ելույթում Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական ժողովրդի ողբերգությունները սկսվել են հոր՝ Հեյդար Ալիևի հրաժարականից հետո, երբ հայ ազգայնականներն ու նրանց հովանավորները խորհրդային իշխող շրջանակներում բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից դուրս հանելու և այն Հայաստանի կազմ փոխանցելու հարցը:

Ալիևը պարծեցել է, որ եթե իր հայրը մնար իշխանության ղեկին, ապա հայ ազգայնականները երբեք չէին համարձակվի դիմել կեղտոտ քայլերի:

Իլհամ Ալիևը երևի մոռացել է, որ Ադրբեջանն ամենաշատ տարածքային կորուստներն ունեցել է հոր՝ Հեյդար Ալիևի իշխանության ժամանակ, երբ 1994 թվականին Արցախի Հանրապետությունը ազատագրեց 7 շրջանները: