Ալիևը փորձելու է ամեն ինչ վերցնել մինչև խաղաղության պայմանագիրը․ Ալեն Ղևոնդյան
19 Հուլիսի 2024, 21:44
Ալիևը հասկանում է, որ պիտի ամեն ինչ անի՝ հետագայում ռևանշի հնարավորություն չառաջանա հայկական կողմից։ Այսպիսի կարծիք Alpha News-ի ուղիղ եթերում հայտնել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Ալիևը հասկանում է, որ բոլոր հնարավոր փոքրիկ խնդիրները կամ Ղարաբաղի հետ կապված իրավական փաստաթղթերում առկա պնդումները որևէ ձև չպետք է իրողություն լինեն, որ ռևանշի հանրավորություն չառաջանա՝ ով էլ ՀՀ-ում գա իշխանության կամ թեկուզ արտաքին խաղացողների միջոցով, վերադարձ չլինի այդպիսի օրակարգի։
Ադրբեջանը Արևմտյան Ադրբեջան կոնցեպտն է իրողություն դարձնում և փորձում է մաքրել մնացած բոլոր հարթակները, որպեսզի հերթական էքսպանսիայի վերադառնա։ Իրենց մոտ արդեն ազգային գաղափարի մակարդակով է այս ամենը»,- ընդգծում է քաղաքագետը։
Ղևոնդյանն անդրադարձ է կատարել նաև Լոնդոնում Փաշինյան-Ալիև տապալված հանդիպմանը։
«Հայկական ու ադրբեջանական կողմերի հայտարարությունների ենթատեքստերը տարբեր էին։ Հիշում ենք՝ հուլիսի սկզբին պետք է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի իրավական կանոնակարգը մշակվեր, մինչև դա ի՞նչ արեց Ալիևը․ լուծարեց Միլլի Մեջլիսը՝ չնայած ընտրությունները պետք է լինեին նոյեմբերին։ Հիմա դա սեպտեմբերին է լինելու։ Ալիևը փորձում է ժամանակ ձգել։
Մյուս կողմից՝ ընդհանուր դիվանագիտական ճնշման օրակարգեր կար Հայաստանի ուղղությամբ։ Եթե նրանք նստեն մի տեղ ու սկսեն ինչ-որ բան խոսել, ինչ-որ օրակարգերի պետք է իրենց դիրքորոշումները համապատասխանեցնեն։ Ալիևը փորձելու է դիստանցավորվել տևական ժամանակ ու տարբեր գործիքակազմով ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Այնպես չէ, որ հայկական կողմը դեմ է այդ ճնշումներին՝ այն իմաստով, որ ունի պայմանավորվածություններ։ Բայց դրանց փաթեթավորման խնդիրն է ամենակարևորը՝ տալու է այն, ինչ որոշել է արդեն տալ»,- նշել է Ալեն Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Իրանն ևս խնդիր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, քանի որ անընդհատ խոսում է կարմիր գծերի մասին։
«Ալիևը փորձելու է ամեն ինչ վերցնել մինչև խաղաղության պայմանագիրը, իսկ այդ պայմանագրի ստորագրման հեռանկարը փոփոխական է, որովհետև կոնյուկտուրան փոխվում է տարածաշրջանում ու աշխարհում։ Դա կապված է գլոբալ ուժային էլեմենտների հետ։
Բայց Հարավային Կովկասում այնպիսի պրոցեսներ են գնում, որ 3 օրվա մեջ կարող ենք այլ աշխարհաքաղաքական պատկեր ստանալ՝ մանավանդ, որ Իրանում ընտրություններ անցկացվեցին, Իրանը վերահաստատեց իր դիրքորոշումը, ՀՀ-ում Իրանի դեսպանը հստակ կարմիր գծեր է ֆիքսում։ Այդ ամեն ինչն, իհարկե, պրոբլեմ է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, բայց փորձելու են իրենց առջև դրված խնդիրները լուծել՝ այդ թվում Հայաստանի իշխանությունների միջոցով»,- եզրափակել է Ալեն Ղևոնդյանը։