Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան
08 Դեկտեմբերի 2023, 00:15
Ադրբեջանը փորձում է հանդես գալ կառուցողականության դիրքերից և ցույց տալ, թե հակված է խաղաղության: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Մեկնաբանեով Ալիևի հռետորաբանության հիմնական միտքը՝ քաղաքագետը նշել է.
«Այս պահին Ադրբեջանի նկատմամբ կա ճնշում և այդ ճնշումը գնալով ավելի նկատելի է դառնալու: Ադրբեջանը փորձում է հանդես գալ կառուցողականության դիրքերից և ցույց տալ, թե հակված է խաղաղության, սակայն Հայաստանի իշխանություններն են և Հայաստանն է, որ չի ցանկանում խաղաղություն, և զինվելով, օգտագործելով Ֆրանսիայի ու Հնդկաստանի ռազմական օգնությունը, փորձում են Հայաստանում նոր ռևանշիստական գաղափարներ գեներացնել: Սա է Ալիևի խոսույթը: Նա փորձում է իր համար պատերազմի առիթ ստեղծել՝ հետագայում որոշ ռազմական գործողությունների միջոցով այլ խնդիրներ լուծելու համար»:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը իր բոլոր հարցերը շարունակելու է լուծել բացառապես ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով:
«Ալիևը ակնարկում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահոց երկրները երբ ասում էին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, իրենք սխալվում էին՝ հակամարտությունը ուներ ռազմական լուծում, և Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է այն: Սա այն մեխն է, որից պետք է ելնել և հասկանալ, որ Ադրբեջանը իր բոլոր հարցերը փորձելու է լուծել բացառապես ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով: Սա իրենց համար գործիք է լինելու, և քանի դեռ աշխարհում որոշակի հանդարտության շրջան չի եկել և աշխարհի պետությունները միջազգային իրավունքի շուրջ նոր պայմանավորվածությունների չեն եկել, առնվազն այս գործիքը Ադրբեջանը օգտագործելու է:
Ալիևն այս գործիքն օգտագործել է ՝ խաղալով տարբեր երկրների հակասությունների վրա, հիմա ևս փորձելու է խաղալ տարբեր երկրների հակասությունների վրա՝ իր համար ապահովելով առնվազն լուռ թողտվություն»,- եզրափակեց Պողոսյանը: