Ալիևը փորձում է ռեգիոնալ լիդեր դառնալ Հարավային Կովկասում․ Վիգեն Հակոբյան
20 Նոյեմբերի 2025, 20:25
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին նույնիսկ ֆորմալ առումով խոսելն անիմաստ է, որովհետև ընդամենը նախաստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Ադրբեջանը և Թուրքիան միացրել են փափուկ ռեժիմ Հայաստանի իշխանությունների համար։ Մի այնպիսի ռեժիմ, որն իրենց կարծիքով կօգնի Հայաստանի այսօրվա ղեկավարությանը առաջիկա համապետական ընտրություններում հաջողության հասնել, վերարտադրվել։ Դա, նախ և առաջ, բնականաբար, բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որովհետև ի դեմս այսօրվա իշխանությունների և նրա ղեկավարի, իրենք ունեն առավել քան կոմֆորտային գործընկեր։ Եվ ես ասում եմ՝ որևէ խաղաղություն չի հաստատվել, բավական է լսել այն խոսույթը, որը հնչում է պաշտոնական Բաքվից, հենց Ալիևի շուրթերից։ Այս ամենը խոսում է այն մասին, որ որևէ նորություն, որևէ փոփոխություն Ադրբեջանի թե՛ նպատակներում, թե ստրատեգիայում, թե՛ տակտիկայում չի փոխվել առհասարակ»,- նշել է քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ վերջին պատերազմից հետո Իլհամ Ալիևը փորձում է ռեգիոնալ լիդեր դառնալ Հարավային Կովկասում։
«Այս ամենի հետ մեկտեղ նա ունի նաև ավելի մեծ ծրագրեր՝ կապված աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակներում ավելի մեծ ազդեցություն, ավելի մեծ նշանակություն ունենալու համար։ Եվ Ադրբեջանի ղեկավարությունը համարում է, որ ինքը բոլոր իրավունքներն ունի նման ամբիցիաներ ունենալու թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական, և՛ թե՛ առավել ևս տնտեսական առումներով։ Այսինքն՝ սա իր գլոբալ ծրագիրն է մոտակա ժամանակահատվածի համար»,- եզրափակել է նա։