Արևմուտքը, Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ և Անգլիան են թույլ տալիս Ադրբեջանին խոսել այնպես, ինչպես ուզում է․ Արթուր Խաչիկյան
04 Նոյեմբերի 2025, 21:30
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չկա Սևանա լիճ, կա Գյոլչա լիճ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Քանի՞ տարի մենք պետք է բացատրենք, որ այս մարդը չի կանգնելու։ Առնվազն 4 տարի է՝ խոսում եմ սրա մասին, բայց տեղ չի հասնում։ Մեր հասարակությունը չի հասկանում, թե հաջորդը ինչ է լինելու։ Փաշինյանն ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հետո ասաց՝ «Ղարաբաղը երբեք Հայաստան չի լինի», հետո ասում էր՝ «Ղարաբաղը հանձնենք՝ խաղաղ ապրենք», բայց չստացվեց, հետո՝ «Կիրանցը կհանձնենք, խաղաղ կապրենք», դա էլ չստացվեց։ Հիմա էլ գործը հասավ Սևանին, իսկ Սևանի շրջակայքում մենք ի՞նչ շրջաններ ունենք՝ Վարդենիսը, Շորժան։ Մենք հիմա պետք է գնանք, այդ մարդկանց հետ խոսենք, ասենք՝ ժողովուրդ ջան, Ալիևն ասում էր՝ Ղարաբաղը պիտի հանձնեք, հանձնեց, իսկ հիմա ասում է՝ Սևանն էլ է մերը, դուք չե՞ք հասկանում հաջորդ քայլը ինչ է լինելու»,- նշել է Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ Ալիևը տեղ ունի խոսելու, քանի որ ունի ուժ, բանակ և աշխարհի կեսն իր կողքին է կանգնած։
«Արևմուտքը, Թուրքիան, Իսրայելը, Միացյալ Նահանգները և Անգլիան են թույլ տալիս Ադրբեջանին խոսել այնպես, ինչպես ուզում է, քանի որ բոլորն ունեն իրենց շահերը։ Անգլիան և Միացյալ Նահանգներն այդ միջանցքում անելու են հսկայական ներդրումներ, Թրամփն ուզում էր, որ մեր տարածքով անցնի այն, դա էլ ստացավ։ Իսրայելն ունի հսկայական, շատ կարևոր ստրատեգիկ շահեր այնտեղ, Անգլիան և Միացյալ Նահանգները ցանկանում են Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, նույնը ցանկանում է Թուրքիան, բոլոր բոլորի շահերը համապատասխանում են Ադրբեջանի շահերին։ Ալիևը տեղ ունի այսպես խոսելու, նա ունի ուժ, բանակ և աշխարհի կեսն իր կողքին կանգնած է։ Լավ, դուք էլի՞ չեք հասկանում հաջորդն ինչ է լինելու»,- եզրափակել է Խաչիկյանը։