Ալիևը Վաշինգտոնին կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի վրա
18 Սեպտեմբերի 2024, 12:00
(Ինչի մասին է վկայում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Բլինքենի հետ զրույցից հետո)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Պետդեպի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ պետքարտուղարը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման համաձայնագիրը։
Ալիևի և Բլինքենի զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկանում ենք պաշտոնական Բաքվի հեռախոսազրույցից։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է «Հայաստանի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի մեջ Ադրբեջանի «նկատմամբ տարածքային պահանջներին վերջ տալու», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից բոլոր կառույցների գործունեության դադարեցման անհրաժեշտությունը:
Ադրբեջանական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Ալիևը Հայաստանին վերաբերող պահանջների մի ամբողջ փաթեթի իրականացումը տեսնում է որպես Բաքվի՝ արևմտյան հարթակում բանակցային սեղան վերադառնալու պայման։ Այս հայտարարությունը կարելի է ընկալել նաև որպես ապացույց, որ Ալիևը կոչ է անում Վաշինգտոնին ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է՝ Վաշինգտոնը հնարավորություններ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հրավիրելու համար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ալիևի պահանջն իրոք կարող է իրականացվել Միացյալ Նահանգների կողմից։
Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական հաշվարկը կրկին սխալ էր.
1. Մի շարք իրադարձություններ, հայտարարություններ և բացահայտված փաստեր ապացուցում են, որ Հայաստանի՝ ռուսական բանակցային հարթակում բանակցություններ վարելուց հրաժարվելը նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, հատկապես 9-րդ կետի կատարումը։ Սակայն ոչ Մոսկվան, ոչ Բաքուն չհրաժարվեցին թղթի վրա արձանագրված դրույթներից։ Ավելին, Անդրկովկասի ողջ անվտանգության ճարտարապետության համար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պաշտոնական Մոսկվայի համար շարունակում է մնալ համակարգային փաստաթղթերից մեկը, պարզապես հիշեք Հայաստանում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները՝ կապված հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:
2. Արևմտյան բանակցային հարթակ տեղափոխվելը Բաքվի համեմատ «մեկնարկային առավելություն» չտվեց ՀՀ-ին։ «Միջազգային հզոր կոնսոլիդացիա» չի ձևավորվել «ժողովրդավարական Հայաստանի» շուրջ՝ ավտորիտար Ադրբեջանի համեմատ։
3. Իլհամ Ալիևն իրապես կոչ է արել Վաշինգտոնին ճնշում գործադրել Երևանի նկատմամբ, սակայն Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարող են ընկալվել նաև որպես ԱՄՆ-ի դեմ առաջ քաշվող պայմաններ։ Արցախի պետականության անկումից հետո իրականությունն այն է, որ Ալիևը, ով վերահսկում է ողջ Ղարաբաղը, աշխարհաքաղաքական դերակատար է, որը կարող է հրապարակայնորեն հրաժարվել Վաշինգտոնի առաջարկներից, ինչպես նաև ֆինանսավորել «ֆրանսիական գաղութատիրության» դեմ ուղղված գործողությունները։ Բայց Ալիևին նման դերակատար դարձրեց ոչ այնքան Թուրքիայի և անձամբ Ռ.Թ. Էրդողանի աջակցությունը՝ որքան է Նիկոլ Փաշինյանը և նրա վարած քաղաքականությունը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին ասել է, որ «աշխարհի և միջազգային հարաբերությունների մեր ընկալումը մնում է մակերեսային»։ Ըստ երեւույթին, «մեր» ասելով նա նկատի ուներ ինքն իրեն, և վերը նշված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է նրա անձնական աշխարհաքաղաքական սխալ հաշվարկները Հայաստանը հասցրել լուրջ ցնցումների եզրին:
Մտածե՛ք այդ մասին…»։