Ալիևյան ռեժիմը ամերիկյան խամաճիկի դերում է եւ Արևմուտքի շահերի համար է աշխատում. Կոնստանտին Սիվկով
23 Օգոստոսի 2023, 00:30
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռազմական լրագրող Կոնստանտին Սիվկովը ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունները պետք է մեկնաբանել որպես` խորապես թշնամական Ռուսաստանի նկատմամբ:
«Ալիևի ռեժիմը հանդես է գալիս ամերիկյան խամաճիկի դերում և աշխատում է Արևմուտքի շահերից ելնելով: Երկիրը, որը սկսում է ակտիվացնել եւ բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հանդես է գալիս Արեւմուտքի շահերը վարող ուժի դերում։ Այսինքն՝ այն կատարում է Արևմտյան տերերի կամքը։ Հենց այդպես պետք է մեկնաբանել ադրբեջանական ղեկավարության գործողությունները։ Իհարկե, այս գործողությունը խորապես թշնամական է Ռուսաստանի նկատմամբ: Եվ, իհարկե, ես վստահ եմ, որ ներկա պայմաններում կարելի է սպասել հակամարտության նոր էսկալացիայի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո բազմաթիվ կոչեր հնչեցին Ադրբեջանի հասցեին՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը, բայց ապարդյուն։
Բաքուն համարձակվում է անտեսել ողջ միջազգային հանրությանը, քանի որ առայժմ վստահ է, որ իր թիկունքում կանգնած է Թուրքիան, Իսկ Թուրքիայի թիկունքում կանգնած են Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու գլոբալ Արևմուտքը: Իսկ Ադրբեջանին ստիպել կատարել եռակողմ համաձայնագիրը, ապաշրջափակել Լաչինի միջանցքը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության աճը, կարող է միայն Ադրբեջանի ղեկավարության այն ըմբռնումը, որ Արևմուտքն այնքան էլ ամենակարող չէ և անհրաժեշտության դեպքում չի կարողանա իրական և լուրջ օգնություն ցուցաբերել։
Հիմա արդեն այլ գործընթացներ են ընթանում, նախ՝ Միացյալ Արևմուտքի ակնհայտ պարտությունը Ուկրաինայում, երբ այնտեղ հսկայական ուժեր նետվեցին, և դա ոչ մի արդյունքի չհանգեցրեց։ Սա Արևմուտքի թուլացման առաջին նշանն է, և դա Ադրբեջանին մտածելու տեղիք կտա, ես ընդհանրապես չեմ կասկածում։ Երկրորդ՝ ԲՐԻՔՍ-ի ընդլայնումը, ևս մեկ ուղղություն, որը կստիպի Ադրբեջանի ղեկավարությանը մոտ ժամանակներս մտածել միջնաժամկետ հեռանկարի մասին։
Շուտով պարզ կդառնա, որ Արևմուտքը չի կարողանա դիմակայել այդ դիրքային կոալիցիային, որը ԲՐԻՔՍ-ն է։ Սա կոալիցիա չէ, որտեղ գրված են բոլոր պարտականությունները, ինչպես ՆԱՏՕ-ում կամ Եվրամիությունում։ ԲՐԻՔՍ-ում ռազմական հրամանատարություն չկա, բայց այնտեղ հավաքվել են միեւնույն ուղղությամբ գործող երկրներ, որոնք դեմ են Արևմուտքի մենաշնորհին, գերիշխանությանը և հակամարտությունների սանձազերծմանը։
Անշուշտ, դա էլ կստիպի ադրբեջանցիներին մտածել։ Երրորդ՝ Իրանի դիրքորոշումը։ Իրանը շատ հզոր ռազմական տերություն է, և փաստի գիտակցումը, որ Իրանը անմասն չի մնա, եթե հանկարծ այնտեղ հակամարտություն ծավալվի, կստիպի Ադրբեջանին նույնպես մտածել։
Եվ վերջապես, չորրորդը Չինաստանն է։ Այսօր Ռուսաստանի և Չինաստանի միջև սերտ ռազմատեխնիկական համագործակցություն է ընթանում, որն ընդլայնվում է։ Եթե Ադրբեջանը շարունակի սրել իրավիճակը, և տարածաշրջանում կրիտիկական իրավիճակ ստեղծվի Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի համար, ապա Չինաստանը, դժվար թե, անմասն մնա:
Ես չեմ խոսում ռազմական միջամտության մասին, բայց քաղաքական և տնտեսական միջամտությանը հաստատ գործը կհասնի, գուցե բանը հասնի ռազմական միջամտության եւս , ամեն ինչ կարող է լինել։ Ես կարծում եմ, որ երբ անցնի Ադրբեջանի ակտիվության որոշակի գագաթնակետը, որողակի անկում կնկատվի, բայց մոտ ժամանակներս ես ենթադրում եմ, որ այն դեռ կաճի։
Ընդհանրապես, Ադրբեջանի ակտիվությունը շատ լրջորեն կկապվի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Եթե Ուկրաինայում իրադարձություններն ընթանան սրացման ուղղությամբ, և Ռուսաստանը հարձակվի, ապա պետք է ակնկալել, որ ինչ-որ ժամանակահատվածում, Ադրբեջանը կսկսի ակտիվանալ։ Հետո, Ռուսաստանի հաջողության դեպքում, ադրբեջանական ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, հետ կգնա», — ընդգծել է Սիվկովը։