Ալին Կամակյանն ընդգրկվել է Մերձավոր Արևելքի բիզնես առաջնորդների ցանկում
22 Մարտի 2026, 20:00
Մերձավոր Արևելքի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի նորություններ լուսաբանող «Hospitality News ME» հրատարակությունը ներկայացրել է տարածաշրջանային բիզնես առաջնորդների ցանկը: Նշանավոր գործիչների թվում է նաև լիբանանահայ ռեստորատոր Ալին Կամակյանը՝ «Batchig» և «Mayrig» ռեստորանների հիմնադիրը, ով հայտնի է որպես հայկական խոհանոցի հանրահռչակողն աշխարհում:
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Կամակյանն անցել է ուղի՝ «Բեյրութի ընտանեկան սեղանից մինչև միջազգային ճանաչում»՝ «Mayrig»-ը վերածելով հայկական գաստրոնոմիական մշակույթի յուրօրինակ դեսպանի: Նրա գործունեությունն ընդգրկում է ոչ միայն ռեստորանային բիզնեսի զարգացումը, այլև հայկական ժառանգության պահպանմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունները:
Հիշեցնենք, որ 2023 թվականի աշնանը Կամակյանը ժամանել էր Գորիս, որտեղ սնունդ էր պատրաստում Արցախից բռնի տեղահանվածների համար: Այսօր նա շարունակում է օգնել Լիբանանի կարիքավորներին՝ սնունդով ապահովելով իրենց տները լքել ստիպված ընտանիքներին: