Ալլա Լևոնյան․ Նրա երգերում սերն է առ Հայաստան
26 Հունիսի 2025, 22:00
Ալլա Լևոնյանը Հայաստանի սիրված երգչուհիներից է, ում ստեղծագործությունը դարձել է երկրի երաժշտական ժառանգության անբաժանելի մասը:
Նա ծնվել է 1975թ. հունիսի 26-ին Արարատի մարզի Ավշար գյուղում, բազմազավակ ընտանիքում: Մանկուց Ալլան դրսևորել է անկախ բնավորություն․ նրա խոսքով՝ չորս երեխաներից ամենահամառն էր և հաճախ դեմ էր արտահայտվում մեծահասակներին։ Այս հատկությունը ժամանակի ընթացքում վերածվել է նվիրվածության և դարձել նրա ստեղծագործական ուղու կարևոր մասը:
Լևոնյանը երաժշտական կրթություն սկսել է ստանալ վաղ տարիքից. տասնմեկ տարի սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։ Բացի այդ, հաճախել է «Պիոներ կանչ» թերթին կից գրական խմբակ։ Այդ ամենը օգնել են նրան զարգացնել ոչ միայն երաժշտական լսողությունը, այլև բանաստեղծական ընկալումը, ինչը հետագայում արտացոլվել է նրա երգացանկում:
Երգչուհին հայտնի է իր յուրահատուկ ոճով, որում համադրվում են հայկական ավանդական մոտիվներն ու ժամանակակից գործիքավորումները: Նրա մաքուր, խորը, զգացմունքներով լի ձայնը դարձել է հայկական ժողովրդական երգի խորհրդանիշը։ Նրա կատարմամբ հնչում են ոչ միայն դասական կոմպոզիցիաներ, այլև հեղինակային ստեղծագործություններ։ Նա հատկապես ակնածանքով է վերաբերվում մանկությանը՝ հիշելով, թե ինչպես էր երգում հայրենի տան տանիքին՝ երազելով բեմի և մեծ լսարանի մասին։
Չնայած ՀՀ վաստակավոր արտիստի ճանաչմանն ու կոչմանը՝ Ալլա Լևոնյանը շարունակում է հրաշքներին հավատացող մարդ մնալ: Նա խոստովանում է, որ դեռ սիրում է հեքիաթներ և հավատում է Ձմեռ պապին։