Ալյասկայում հանդիպումից հետո Թրամփն ընդունել է Պուտինի դիրքորոշումը․ Դուբրավսկի

20 Օգոստոսի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Կոնսալտինգ» ընկերության ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունները:

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունները կարելի է գնահատել որպես կառուցողական և դրական։

«Մինչ այդ մենք երկու ծրագիր էինք տեսնում։ Առաջինը հրադադարի ժամանակավոր դադարեցումն է, որը լոբբինգ էր անում Զելենսկին, երկրորդը՝ վերջնական մեկընդմիշտ հաշտությունը, որպեսզի տասնյակ տարիներ անց այս հակամարտությունը նորից չբռնկվի։ Սա Պուտինի դիրքորոշումն է։ Մենք տեսնում ենք, որ Ալյասկայում հանդիպումից հետո Թրամփն ընդունեց Պուտինի դիրքորոշումը, համաձայնեց դրա հետ, սակայն բոլորը մտածում էին այն մասին, թե եվրոպացի առաջնորդներն ինչպես կվերաբերվեն այս ծրագրին։ Եվ ահա, դատելով երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների, Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած հանդիպումից, եվրոպացի առաջնորդները որոշեցին սատարել Դոնալդ Թրամփի առաջարկին։

Այս պահին ամեն ինչ այնպես է թվում, որ անվտանգության երաշխիքները հստակ քննարկվում են, միևնույն ժամանակ Ուկրաինան հաստատ ՆԱՏՕ-ի անդամ չի լինի։ Վլադիմիր Պուտինն Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի անվտանգության թեմային, ինչը հավասարազոր է նաև տարածքային ամբողջականությանը։ Ուստի կարծում եմ, որ դրանք կքննարկվեն, իսկ հետո նոր տարածքների հարցը, կամ նույնիսկ զուգահեռ»,- ասել է Դուբրավսկին։

Փորձագետի խոսքով՝ դատելով եվրոպացի առաջնորդների հրապարակային հայտարարություններից՝ նրանք պատրաստ են ամբողջությամբ հետևել Դոնալդ Թրամփի ծրագրին։

«Այս պահին թվում է, թե եվրոպացի առաջնորդները եկել են աջակցելու Զելենսկուն, սակայն, դատելով նրանց հրապարակային հայտարարություններից՝ նրանք պատրաստ են ամբողջությամբ հետևել Դոնալդ Թրամփի ծրագրին, թեև ոչ բոլորը։ Օրինակ՝ Մակրոնն ու Մերցը դեմ արտահայտվեցին և հիշեցրեցին, որ հրադադարի ժամանակավոր դադար է անհրաժեշտ։ Բայց Դոնալդ Թրամփը համաձայնել է Վլադիմիր Պուտինի հետ, ուստի այս պահին քննարկվում է հիմնական սցենարը, որը հենց մշտական խաղաղության սցենարն է։ Կարծում եմ՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում կներկայացվի հնարավոր անվտանգության երաշխիքների պլանը, և հետո կսկսվի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստումը, կամ նախ՝ երկկողմ հանդիպում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- եզրափակել է Դուբրավսկին։