Ալյուր և հաց՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց. «Բացում»-ը ՄԱԿ-ից պահանջում է կատարել պարտականությունները

21 Օգոստոսի 2023, 14:50

Քաղաքականություն

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները հերթական բողոքի ակցիան են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք ՄԱԿ-ին հիշեցրել են պարտավորությունների մասին, որոնք այդպես էլ չի կատարում։ Նախաձեռնության անդամները ալյուր և հաց են տեղադրել ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

«Հացը պետք է ՄԱԿ-ի միջոցով հասնի Արցախ, դա իրենց պարտավորությունն է, բայց հիմա նրանք ի վիճակի չեն դա անել։ Որոշում կայացնողներին պետք է ստիպել, ճնշել, որ բացեն Լաչինի միջանցքը, հումանիտար օգնություն տանեն մեր հայրենակիցներին: ՄԱԿ ԱԽ խորհուրդը պարտավոր է օր առաջ իրականացնել Լաչինի միջանցքի բացումը»,- հայտարարել է Նարեկ Այվազյանը։

Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի