AMAA-ն և M4FF-ը կնպաստեն Հայաստանի պատանիների երաժշտական կրթությանը

15 Հունիսի 2023, 11:30

Մշակույթ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ «Երաժշտությունը հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) ստորագրել են պայմանագիր, որի շրջանակում հիմնադրամի կրթական ծրագրին կատարած ներդրումն ուղղվելու է տաղանդաշատ երեխաներից մեկի մասնագիտական աճին եւ զարգացմանը:

Նյութական աջակցության շնորհիվ՝ հիմնադրամը կշարունակի իրագործել իր կրթական ծրագիրը, որի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար ապահովվում են վարպետության դասեր, բեմական փորձ, համերգային եւ թանգարանային այցեր, օտար լեզվի դասընթացներ եւ կրթաթոշակի հատկացում:

AMAA-ն, լինելով բարեգործական կազմակերպություն, մշտապես կարևորել է մշակույթի դերը եւ իր ավելի քան 100-ամյա գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացրել մշակութային ծրագրերին, որոնք նաեւ նպաստում են ընկերակցության գլխավոր առաքելությանը օգնել հայ ժողովրդին պահպանել հավատը, մշակույթը եւ ազգային ինքնությունը:

2019-ին ստեղծված, «Երաժշտութիւն յանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նպատակն է եղել եւ մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր փոքրիկ երաժիշտներին եւ օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Ներդրումները հանուն երաժշտության եւ հանուն ապագայի առանցքային դեր ունեն հայ շնորհալի երեխաների ապագայի ձևավորման գործում՝ հնարավորություն տալով հզորացնել արվեստագետների հաջորդ սերունդը, հարստացնել Հայաստանի մշակութային ժառանգությունն ու աշխարհին ներկայացնել հայկական մշակույթն ու հայ կատարողական արովեստը: