Ամբողջական սահմանազատումից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի. Փաշինյան
19 Դեկտեմբերի 2024, 19:54
Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չենք ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- ասել է նա: