Ամեն ինչ գնում է դեպի լայնամասշտաբ պատերազմ․ Աբբաս Ջուման՝ լիբանանա-իսրայելական հակամարտության մասին
30 Սեպտեմբերի 2024, 23:32
Միջազգային լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում նոր մեծ պատերազմի հավանականությանը, և ինչպես Պաղեստինում ու Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
Ըստ փորձագետի՝ մինչ այժմ Իսրայելի գործողությունները Լիբանանում վկայում են այն մասին, որ նա մեծ էսկալացիա է նախապատրաստում Մերձավոր Արևելքում։
«Որքան էլ Ամերիկայի դեմոկրատական վարչակազմը հիմա ցանկանում է կանգնեցնել Իսրայելին, որքան էլ ճնշում գործադրի Իսրայելի ղեկավարության վրա, բայց ամեն ինչ իսկապես գնում է դեպի էսկալացիա, դեպի լայնամասշտաբ պատերազմ։ Իսկապես, (լիբանանյան սահմանի մոտ — խմբ.) տեխնիկա է կուտակվում։ Իսկ ռազմական տրամաբանությունը թելադրում է, որ պետք է սկսել ցամաքային գործողությունը։ Թե չէ այս «փեյջերային» տեռորն ինչի՞ համար էր։ Ո՞րն էր «Հեզբոլլահ»-ի ղեկավարության «լուծարման» նպատակը։
Հիմա բոլորը սպասում են «Հեզբոլլահ»-ի պատասխանին, բոլորը սպասում են Իրանի պատասխանին։ Այն, որ Իսրայելը չի ցանկանում կանգ առնել, փաստ է։ Իսրայելն այս մասին խոսում է թե՛ հռետորաբանության, թե՛ գործողությունների մակարդակով։ Իրանում բոլորը հասկանում են, բայց հիմա խոսքը էքզիստենցիալ հակամարտության մասին է, պատերազմի մասին, որը պետք է հաղթել։ Ընդ որում՝ հաղթել մեկընդմիշտ: Իրանի համար լայնածավալ պատերազմ սկսելու ճանապարհով հաղթանակի հասնելն այժմ անհնար կլինի։
Ռուսաստանն այլ խնդիր է: Այո, մենք բախվել ենք ՆԱՏՕ-ին, մենք բախվել ենք փաստացի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, բայց մենք միջուկային տերություն ենք։ Մենք մի երկիր ենք, որն օրերս թարմացրել է միջուկային դոկտրինը։ Եվ ահա այդ միջուկային հավասարությունը, ով ինչ էլ ասի, աշխատում է։ Որքան էլ այն կողմում չքծնեն, որ Ռուսաստանն ակնարկում է իր միջուկային զենքը, որ դա միջուկային շանտաժ է և այլն, պետք է ընդունել ակնհայտը ՝ միջուկային զենքի առկայությունը անվտանգության երաշխիք է ։
Այսօր Իրանը նման երաշխիք չունի։ Ուզում եմ ընդգծել՝ ոչ այսօր։ Ինչ կլինի վաղը, միայն Աստված գիտի: Այնպես որ, Իրանում դա շատ լավ հասկանում են։ Ես կասկածում եմ, որ այդ պրոքսի խմբերը տասնամյակներ շարունակ հենց այնպես չեն աճեցվել, որպեսզի իրենք ուղղակիորեն պատերազմեն:
Այս սցենարը բացառել չի կարելի, մանավանդ, որ վերջերս Իրանը ցույց տվեց՝ անմիջական հարձակման տարբերակը վերաբացված է:
Իրանն առաջին անգամ հարվածեց և օգտագործեց հիպերձայնային հրթիռներ՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենք նույնպես կարող են դա անել։ Հակառակորդին մաշելու մարտավարությունն առկա է և գործում է: Եվ ինչպես ես հասկանում եմ, Իրանը մինչև վերջ հավատարիմ կմնա դրան, քանի դեռ Իսրայելը Իրանին չի դնի այնպիսի իրավիճակում, որտեղ այլ բան չի մնա, քան կռվելը»,- ասել է Ջուման։
Նա նաև հավելել է․ «Երեկ Իսրայելը համարվում էր լավագույններից լավագույնը։ Ենթադրվում էր, որ իսրայելական բանակը կարող է ցանկացածին իր տեղը դնել, որ դա տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է, աշխարհում ամենաուժեղներից մեկը։ Հոկտեմբերի 7-ից հետո ամբողջ աշխարհը տեսավ, որ դա այդպես չէ։ Պատրանքների այնպիսի փլուզում եղավ, նրանք կորցրին իրենց հիմքը՝ անպարտելիության, անսխալականության առասպելը։
Իրանն իմաստուն քաղաքակրթություն է վարում, իրանցիները երկար են խաղում, եթե նույնիսկ նվազագույն շանս կա, որ իրավիճակը կարող է լուծվել առանց Երրորդ համաշխարհային պատերազմի անդունդ ընկնելու, նրանք կօգտագործեն այդ հնարավորությունը»։