Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին

09 Հունիսի 2023, 20:45

Բոլոր

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա գտնվեց Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին:

Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նա ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց
Պատրիարքություններից: Միասնական Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն և միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։

Հայր Սուրբն իր խոսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովվական երկօրյա այցը Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։ Հայր Գարեգինն ի մասնավորի կարևորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների, բազմազավակ ու Արցախից տեղահանված ընտանիքներին։

Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն ուրախությամբ ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը համագումարին՝ ընդգծելով, որ նման հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման և ուխտի նորոգության համար, ինչպես նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։

«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով.

«Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։

Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ ինչքան արգասալի և աշխույժ է միաբանների հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը ժողովրդի կյանքում։

Ազգի ու հայրենիքի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի հայ ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։