Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

09 Հուլիսի 2023, 22:03

Հայեր

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների` ուղեկցությամբ համագումարի պատվավոր նախագահ բ. գ. դ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի։

Հանդիպմանը, Արա Բաբլոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով համագումարի մասնակիցներին, տեղեկություններ է փոխանցել համագումարի աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին և ընդգծել, որ համագումարին հեռավար կերպով իրենց գործուն մասնակացությունն են բերել նաև Արցախի բժիշկները՝ անդրադարձ կատարելով Արցախում առկա հումանիտար ճգնաժամին։

Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ հայ բժիշկների մեկտեղումը Հայրենիքում, որով իրենց կարևոր նպաստն են բերում Հայաստանում առողջապահության զարգացման գործին։

Անդրադառնալով Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ու առողջապահական ճգնաժամին՝ Հայոց Հայրապետը կարևորել է սփյուռքահայ բժիշկների հետևողական աշխատանքն իրենց երկրներում գործող բժիշկների հետ համախումբ պաշտպանելու Արցախում ապրող հայորդիների անվտանգ կյանքի և ազատ ու անկախ ապրելու իրավունքը։