Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
18 Հունիսի 2024, 09:30
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Սուրբ Էջմիածնի և կազմակերպության միջև ձևավորված գործակցությանը, որի արդյունքում արդիականացվում է Մայր Աթոռի տպարանը։
Իր հերթին պարոն Բենժամին Բլանշաղը Հայոց Հովվապետին տեղեկություններ է փոխանցել «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերին։