Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
04 Օգոստոսի 2023, 21:01
Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի։
Տեր Հակոբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հայորդիներին։
Վեհափառ Հայրապետը, իր սերն ու օրհնությունը բերելով ուխտավորներին, կարևորել է դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը լավագույն հնարավորությունն է ընձեռնում հայորդիներին ճանաչելու Մայր Հայրենիքը և հաղորդ դառնալու հոգևոր, մշակութային ժառանգությանը։
Հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին և Արցախի շրջափակմանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին հորդորել է իրենց երկրում բարձրաձայնել ու իշխանություններին ներկայացնել տարածաշրջանում առկա կացությունը, և հետևողական ջանքեր գործադրել արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին։