Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիայի Գրաց-Սեկաուի թեմի առաջնորդին և ուխտավորներին

15 Ապրիլի 2024, 18:03

Հայեր

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդ Վիլհելմ եպիսկոպոս Քրաուտվաշլի և ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով ներկա ժամանակներում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր շնորհակալությունն է հայտնել Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցել է ուխտավորներին՝ նրանց այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատելով զորակցության ևս մեկ վկայություն։

Իր հերթին Գերաշնորհ Վիլհելմ եպիսկոպոսը հաստատեց, որ ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց համերաշխությունը բերելու հայ ժողովրդին ու Եկեղեցուն և աջակցությունը՝ արցախահայերին։