Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին
15 Սեպտեմբերի 2023, 18:33
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծել է, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը նման նախաձեռնության համար։
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանում ու Արցախում առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։ Հայոց Հայրապետը կարևորել է նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը ազգային կառույցներ և կրթական հաստատություններ՝ գնահատելով արգենտինահայ գաղութի կազմակերպվածությունն ու ազգային արժեքների նկատմամբ նախանձախնդրությունը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է ուխտավոր հայորդիներին լինել ազգասեր ու եկեղեցանվեր, վառ պահել ազգային գիտակցությունն ու ոգին և իրենց նպաստը բերել համայնքային կյանքի զորացմանը։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է սաների հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և արցախահայության համար իրականացվող մարդասիրական ծրագրերին։