Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին

04 Հոկտեմբերի 2023, 08:37

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։

Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, նշել է, որ բրազիլահայ ուխտավորներն այցելել են Հայաստանի տարբեր սրբավայրեր և հաղորդ դարձել հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը։

Իր օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատել է թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների ծառայությունը, ինչպես և հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր գործուն աջակցությունն է ցուցաբերում արցախահայությանը հաղթահարելու առաջացած սոցիալական դժվարին խնդիրները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է ուխտավորներին իրենց նպաստը բերել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև հայրենազրկված հայորդիների կարիքների հոգածության գործում: