Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին
30 Ապրիլի 2024, 14:20
Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։
Հանդիպմանը տիար Յակուբյանը նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև լուսաբանելու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները։
Խոսելով 20-րդ դարասկզբում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության մասին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովրդի արդար սպասումն է ինչպես միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, այնպես էլ՝ համապատասխան գնահատական տալը հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանության՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, իրագործված էթնիկ զտումներին և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմանը։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը, կբարձրաձայնեն արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները։
Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայ Եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական փոխհարաբերություններին։