Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուլղարահայ ուխտավորների
07 Հունիսի 2024, 21:21
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/06/07105627/441896528_782565663998623_2264980094067854525_n.jpg)
Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բուլղարահայ ուխտավորներին՝ գլխավորությամբ Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու վարչության ատենապետ Նշան Պզտիկյանի։
Տիար Պզտիկյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին։
Իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է սփյուռքի հայորդիների ուխտագնացությունները դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են վերջիններիս ազգային, հոգևոր ապրումները, զորացնում ազգային ինքնության գիտակցությունն ու հաղորդ դարձնում հոգևոր արժեքներին։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը հորդորել է բուլղարահայերին համախումբ լինել Հայ Եկեղեցու շուրջ, ապրել ու արարել քրիստոնեական և ազգային արժեքներով, վառ պահել սերը հանդեպ Եկեղեցին և հայրենիքը: