Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

31 Մայիսի 2023, 22:00

Հայեր

Այսօր՝ մայիսի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքն է հայտնել Բարլոու Տեր-Մկրտչյանին հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու և նրանց հայկական ոգով կրթելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին ծանոթացրել է հայրենիքում ու Արցախում ստեղծված դժվարին իրավիճակին և հորդորել, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամեն հնարավորություն օգտագործեն արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատյաններում, ինչպես և ԱՄՆ իշխանությունների առջև՝ կանխելու Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ համալսարանի Հայագիտության ամբիոնի դասերին մասնակցում է շուրջ չորս հարյուր ուսանող։

Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանը կարևորել է ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռնվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։