Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ-ի տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
10 Հուլիսի 2023, 11:55
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադա) սկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։
Հանդիպմանը, տեր Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ շուրջ 35 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել՝ հարստացնելու իրենց գիտելիքները հայոց լեզվի, հայկական երգարվեստի բնագավառներում, մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը և զորացնելու իրենց կապը մայր հայրենիքի հետ։
Հայոց Հայրապետը, իր գնահատանքը բերելով ՀԲԸՄ-ին նման նախաձեռնության համար, կարևոր նկատել է սփյուռքի երիտասարդ հայորդիների այցը Հայաստան, հատկապես այս դժվարին օրերին, որպեսզի վերջիններս հաղորդակից լինեն ոչ միայն հայրենիքի հոգևոր ու մշակութային արժեքներին, այլև երկրում տիրող իրավիճակին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և առկա անվտանգային խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է երիտասարդներին հայրենասիրական զգացումի նոր լիցքերով քաջալերված վերադառնան իրենց երկրներ և նախանձախնդրորեն ամեն ջանք ի գործ դնեն նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Հայոց Հովվապետը պատգամել է, որ հայորդիներն իրենց գիտելիքներով և երիտասարդական ավյունով աջակցեն իրենց համայնքների առավել զորացմանն ու միասնականության կերտմանը՝ ազգային ինքնությունը պահպանելու և հայրենիքին օգտաշատ ծառայություն բերելու համար։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին հայկական համայնքներում, Արցախում և Հայաստանում առկա դժվարությունների հաղթահարման ուղիներին։
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է հայորդիներին։