Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին
29 Մայիսի 2024, 17:47
Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը համապարփակ տեղեկություններ է փոխանցել խորհրդաժողովի կատարած աշխատանքների մասին։
Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորել է խորհրդաժողովի աշխատանքները՝ ի խնդիր հայրենիքի և ազգի զավակների իրավունքների պաշտպանության։ Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել հայրենիքի առջև ծառացած առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությանը։ Հատկապես կարևորվել էՀայաստան-Սփյուռք կապերի սերտացումը և համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման և ապահով կյանքի կերտման։
Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՀՅԴ Հայ դատի գրասենյակին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի արդար իրավունքների բարձրաձայնման ու հետապնդման և հայրենանվեր ու ազգօգուտ այլ իրագործումների համար։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին և միջեկեղեցական հարաբերություններին։