Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կաթոլիկ հոգևորականների
02 Սեպտեմբերի 2023, 23:15
Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ճանաչողական այցով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ժամանած Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ հոգևորականների՝ գլխավորությամբ Վատիկանի քրիստոնեական միության խրախուսման հանձնախմբի Արևելյան եկեղեցիների բաժնի քարտուղար Հայր Հիակինթոս Դեստիվելի։
Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է վերջիններիս։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ փոխհարաբերություններին և արդյունավոր համագործակցությանը:
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարել է տարածաշրջանում առկա ծանր իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարուկավող ոտնձգություններին և Արցախի ամբողջական շրջափակմանը, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետի առջև։ Հայոց Հովվապետը խոսել է նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառնգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության մասին։
Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն է հայտնել որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ, քրիստոնեական զորեղ հավատքի և բարեկամ երկրների շնորհիվ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։
Իր հերթին Հայր Հիակինթոս Դեստիվելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցել է կաթոլիկ հոգևորականների խմբի Հայաստան և Մայր Աթոռ կատարած ճանաչողական այցի մանրամասների վերաբերյալ։