Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը

16 Փետրվարի 2024, 17:54

Քաղաքականություն

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության Խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման հարցերին։

Նորին Սրբությունը ցավով արձանագրել է, որ հակառակ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի կողմից շարունակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները, սահմանին տեղ են գտնում սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով զոհվում և վիրավորվում են քաջարի հայորդիներ։ Առկա իրադրության մեջ Հայոց Հայրապետը կարևորել է միջազգային հանրության կողմից առարկայական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ռազմատենչ և ծավալապաշտական նկրտումների կասեցման համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել ներկաներին Հայաստանի հիմնախնդիրների հանդեպ ուշադրության և բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած զորակցության համար։

Իր հերթին Սըր Ջոն Ուիթինգդեյլը Նորին Սրբությանը տեղեկացրել է Ջերմուկ քաղաք պատվիրակության այցի և Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների հետ հանդիպման տպավորությունների մասին, անդրադարձ կատարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել էներկաների հարցերին, որոնք առնչվել են Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում Հայոց Եկեղեցու գործունեությանը։