Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսի «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին
08 Օգոստոսի 2023, 00:02
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան ժամանած Կոստանդնուպոլսի հայկական «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին։
Հայրապետական իր օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել պոլսահայերի՝ Մայր Աթոռ այցի առիթով: Հայոց Հայրապետը հաստատել է, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային, մշակութային, հոգևոր և բարոյական արժեքների պահպանման գործում։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է նաև, որ մշտապես տեսել է պոլսահայ համայնքի զորավոր հավատքը և անվերապահ սերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ: Այս առնչությամբ Նորին Սրբությունը, վերհիշելով իր հովվապետական այցը Կոստանդնուպոլիս, ուրախությամբ արձանագրել է, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների և փորձությունների՝ պոլսահայերը ամուր են պահել իրենց հավատքը, սրբություններն ու ազգային ինքնության գիտակցությունը։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարեմաղթել է պոլսահայ ուխտավորներին, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն պոլսահայ կյանքը: