Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ
20 Մարտի 2024, 20:23
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, որոնք ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, անդրադարձել է վերապատրաստման դասընթացների ընթացքին և դրանց արդյունավետությանը։
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորել է վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին հաղորդակից լինելու Սուրբ Էջմիածնի խորհրդին և առաքելությանը, ինչպես նաև իրենց ուխտը վերանորոգելու և միմյանց հետ հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է քահանա հայրերին առավել ջանասիրությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունը՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։
Հանդիպմանը հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունել է Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Արամ ավագ քահանա Հունանյանը։
Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք իրենց օգտակարությունն են բերում եկեղեցականների հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։