Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է ազգի համար այս բարդ ժամանակահատվածում առավել անձնվիրաբար իրականացնել իրենց հովվական ծառայությունը
10 Օգոստոսի 2024, 16:40
Օգոստոսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերել է եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին համախմբվելու Մայր Աթոռում, զորանալու Սուրբ Էջմիածնի առաքելության տեսիլքով, մեր սուրբ հայրերի ավանդած ժառանգությամբ, ովքեր կերտել են հայ ժողովրդի փառքը, ինքնությունն ու դիմագիծը և ուղենշել ազգի հավիտենության ճանապարհը։
Իր խոսքում Հայոց Հովվապետը հորդորել է քահանա հայրերին նաև զորացնելու փոխգործակցությունը համայնքների միջև իրենց հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է հոգևորականներին առավել նախանձախնդրորեն, անձնվիրաբար իրականացնել իրենց հովվական ծառայությունը` ազգի համար այս բարդ ժամանակահատվածում այն կարևոր պայման նկատելով Եկեղեցու և Հայրենիքի զորացման։