Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է՝ յուրաքանչյուրն իր երկրում իր ձայնը բարձրացնի արցախահայության համար

08 Հուլիսի 2023, 00:05

Հայեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին։

Ուխտագնացությունը կազմակերպվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը, ներկայացրել է ուխտագնացության ծրագիրը և տեղեկացրել, որ համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 150 երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Ներկաներին ողջունել է նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ արձանագրելով, որ եկեղեցասեր երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են ու այսօր եկել են վերանորոգվելու Սուրբ Էջմիածնի խորհրդով և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։

Այնուհետև երիտասարդներին իր պատգամն է փոխանցել Հայոց Հայրապետը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:

Նորին Սրբությունն ընդգծել է, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:

«Սուրբ Էջմիածինը Աստծո շնորհն է և պարգևը, որ սնուցել է մեր ժողովրդին հավատք, որով և կերտվել է հայի ինքնությունը, նկարագիրն ու ոգին, ազգային և հոգևոր ողջ արժեհամակարգը»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացել են դիմագրավել իրենց առջև ծառացած բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է հանուն հավատի և հայրենիքի պայքարել տարատեսակ մարտահրավերների դեմ, ինչպիսիք են համաշխարհայնացումը, հոգևոր, բարոյական օտարամուտ արժեքները, Արցախի շրջափակումը, հայրենյաց սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և ազգի անվտագային խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ուխտավոր երիտասարդներին, որ յուրաքանչյուրն իր երկրում իր ձայնը բարձրացնի արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների կանխարգելման համար։

Վերջում Հայոց Հայրապետը ուխտավոր հայորդիներին մաղթել է, որ Տերն ունկնդիր լինի նրանց խնդրանքներին և նորոգի ու զորացնի նրանց ուխտը։

Հիմա եթերում