Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
09 Օգոստոսի 2023, 14:31
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:
Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի: Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ»,- ասվում է ուղերձում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9 պատգամավոր։ Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել հուլիսի 29-ին։