«Ամենուր ծածանելու ենք մեր եռագույնը». հայկական պարի խումբը հաղթել է միջազգային մրցույթում

22 Նոյեմբերի 2023, 10:29

Մշակույթ

Նոյեմբերի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացել է «Golden Palm» միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ Հայաստանը, «Կամուրջ մշակութային կենտրոնի» նախաձեռնությամբ, ներկայացրել է պարային 3 համույթ: Փառատոնին մասնակցել է 18 երկիր: Հայաստանը ներկայացնող «Juli Dance Studio»-ի սաները հաղթանակած են վերադարձել մեր երկիր: Գեղարվեստական ղեկավար և պարուսույց Ջուլի Փափախչյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է տպավորությունների, սաների հաղթանակի մասին.

«Մի բան է, երբ ինքդ քո խումբն ես ներկայացնում, այլ բան, երբ երկիրդ ես ներկայացնում: Ժյուրին շատ գոհ էր սաներիցս: Փոքր սաներիս խումբը ներկայացավ հիփ-հոփ պարով, որ կոչվում էր «Դպրոցականներ», մեծ սաներիս խումբը՝ հայկական պարով՝ «Արևմտյան Հայաստան»: Ճիշտ է՝ սա մեր երկրից դուրս առաջին հաղթանակը չէ. հաղթել ենք նաև Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կազմակերպված «Golden festivals» մրցույթին, սակայն այս հաղթանակը ավելի քան կարևոր էր և աշակերտներիս համար շատ ոգևորիչ։

Հեշտ չէ Հայաստանից հեռու, 17 տարբեր երկրի ներկայացուցիչների մոտ փայլուն ելույթ ունենալ ու գրավել առաջին հորիզոնականը։ Մեր հաղթանակը մեր քրտնաջան աշխատանքի, պարը անչափ սիրելու ու Հայաստանի պատիվը բարձր պահելու մասին է։ Իմ ստուդիայի, սաներիս մասին, վստահ եմ, դեռ շատ եք լսելու»,- ասել է Ջուլի Փափախչյանը:

Ժյուրիի կազմում եղել են բոլոր երկրները ներկայացնող մասնագետներ: Փառատոնը բաղկացած է եղել երեք մասից՝ պար, երգ և դեֆիլե: Նորաձևության մրցույթում էլ Փափախչյանի սաներից Էլմիրա Հակոբյանը արժանացել է «Դուբայի գեղեցկուհի 2023» տիտղոսին:

Պարուհին վստահեցնում է՝ ուր էլ գնան, միշտ էլ Հայաստանի պատիվը բարձր են պահելու ու ամենուր ծածանելու են մեր եռագույնը:

«Կամուրջ մշակութային կենտրոնի» ղեկավար Հայկ Գևորգյանի խոսքով՝ սա այս տարվա արդեն 11-րդ միջազգային փառատոնն է եղել, որին իր մասնակցությունն է ունեցել նաև մեր երկիրը.

«Սա 11-րդ միջազգային փառատոնն է, որ մենք խմբեր ենք տանում Հայաստանից արտերկիր: Հոկտեմբերի 28-ին էլ կազմակերպել էինք «Ծաղկունք» միջազգային փառատոնը Հայաստանում, հյուրընկալել էինք մասնակիցների Հնդկաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Մեր նպատակն է հայտնաբերել պարարվեստի ոլորտի շնորհալի մանկապատանեկան և երիտասարդական պարի խմբերին ու նրանց հնարավորություն ընձեռել հանրությանը ներկայանալու»,- նշել է Գևորգյանը:

Աննա Խաչատրյան