Ամենուրեք իմ ազգանունը պատմում է, թե որտեղից եմ. Մաշա Մնջոյանը՝ «Սլավյանսկի բազար 2023»-ի հաղթանակի մասին

19 Հուլիսի 2023, 22:37

Մշակույթ

«Սլավյանսկի բազար 2023» հեղինակավոր միջազգային մրցույթում Հայաստանը առաջին անգամ հաղթեց Մաշա Մնջոյանի շնորհիվ՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի ու դառնալով մրցույթի բացարձակ հաղթող: Շառլ Ազնավուրի անվան քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որը 2017-ից զբաղվում է «Սլավյանսկի բազար» մրզույթին Հայաստանի մասնակցության հարցերով, հավաստիացնում է՝ այնտեղ գիտեն, որ Հայաստանի հետ մրցելը դժվար է, մեր մշակութային կարողությունը միշտ էլ գնահատվում է:

Գրան Պրի մրցանակակիր, երիտասարդ երգչուհի Մաշա Մնջոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է՝ ավստրալական «Ձայնը» նախագծից հետո որոշել էր այլեւս չմասնակցել մրցույթների, բայց իր որոշումը հետին պլան է մղել, որովհետև խոսքը Հայաստանը ներկայացնելու մասին է եղել: Մաշայի խոսքով՝ մրցակցությունն այս տարի բավականին թեժ է եղել, մասնակիցները՝ ուժեղ:

«Այլ բան է, երբ մասնակցում ես մի մրցույթի, որտեղ միայն քեզ ես ներկայացնում, բայց մեծ բեռ է, երբ ոչ միայն քեզ, այլեւ մի ողջ երկիր ես ներկայացնում, դա շատ բարդ հանձնարարություն է: Մրցույթները դժվար են, բայց շատ կարեւոր: Ես հիմա Ավստրալիայում էլ եմ երգում մեծ բեմերում, եւ ուրախ եմ, որ ամենուրեք իմ ազգանունը պատմում է, թե որտեղից եմ»:

Երգչուհին խոստովանում է՝ հենց հաղթանակի հետեւից է գնացել: Վրեժ Կիրակոսյանը հավելել է՝ արդեն քննարկվում է «Սլավյանսկի բազար»-ի հաջորդ տարվա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նպատակ է դրել կազամակերպել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգային երեկո: