Ամերիկայի հայ ազգային կոմիտեի Գալա 2024-ը՝ Լոս Անջելեսում
22 Հոկտեմբերի 2024, 22:30
Հոկտեմբերի 20-ին Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» սրահում տեղի է ունեցել ԱՄՆ Հայ Դատի Արևմտյան շրջանի տարեկան Գալա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությանը հրավիրված էին կոնգրեսականներ, սենատորներ, քաղաքական գործիչներ, հյուրեր համայնքային տարբեր կառույցներից, Հայաստանից և Սփյուռքից:
Երեկոն տերունական աղոթքով օրհնել է Արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանը, որից հետո իր խոսքը փոխանցել է Գալայի մասնակիցներին, հյուրերին և Հայ Դատի հանձնախմբի անդամներին:
ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանի անվտանգությունն ու ազատությունը վերականգնվել են Արցախով:
«Ցեղասպանության հանցագործության արդարադատություն, ուժեղ, և շահագրգիռ հայկական Սփյուռք: Այս արժեքներն ընդգծելու ավելի լավ միջոց չկա, քան հարգանքի տուրք մատուցելը լավագույններին:
Նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում Կոնգրեսի դահլիճներում գտնվող իշխանություններին ՝ կոնգրեսական Դինա Տիտուսը և կոնգրեսական Աննա Էշուն, մեզանից լավագույնն են: Ռուբեն Վարդանյանի նմանները, որոնք ամենաբարձր գինն են վճարում ազատության, գաղափարի համար, որ մենք պետք է ազատ ապրենք մեր հողում՝ Արցախում, մեզնից լավագույնն են։ Սեմ Սիմոնյանի նմանները, որ կրկին ու կրկին ներդրումներ են անում, որպեսզի համոզվեն՝ հայ ժողովուրդը ուժեղ է և եռանդուն, մեզանից լավագույնն են: «301»-ի, «Զարթոնք»-ի և «Armenian Reporter»-ի նմանները, որոնք հրապարակում են ճշմարտությունը, մեզանից լավագույնն են»,- ասել է Րաֆֆի Համբարյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ Հայ Դատի Արևմտյան շրջանի կոմիտեի նախագահ Օշին Հարությունյանը և Հայ Դատի արևմտյան շրջանի տնօրենների խորհրդի անդամ Լենա Հովհաննիսյանը:
«Սա մեծ պատիվ է, և ես հուզում եմ այն ամենից, ինչ դուք որոշել եք անել: Իմ աշխատանքը գնահատելը ինձ շատ խորն է հուզում»,- ընդգծել է Աննա Իշուն, ով մրցանակակիրներից մեկն էր:
Կոնգրեսականը հիշելով 32 տարի ուս ուսի աշխատելը՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար, վստահեցրել է՝ դժվարությունների դեմ չի նահանջելու:
«Ես հպարտությամբ կանգնած եմ ձեր առջև՝ որպես հայկական և ասորական ծագում ունեցող Կոնգրեսի միակ անդամ և Կոնգրեսում երբևէ աշխատած ութ հայերից մեկը: Հայ համայնքը ազգային բեմում ներկայացնելն իսկապես բացառիկ արտոնություն է: Այս երեկո ես չեմ կարող զսպել իմ մոր, հոր, տատիկիս և պապիկիս մասին մտածելը: Ինչպես շատ հայեր և ասորիներ, նրանք նույնպես փախան: Նրանք փախան, քանի որ հետապնդվում էին իրենց հավատքի համար», — ասել է կոնգրեսականը:
Կալիֆորնիա նահանգի Սենատոր Էնթոնի Պորտանտինոն արդեն 25 տարի համագործակցում է Հայ Դատի հանձնախմի հետ: Համագործակցությունից գոհ է․ «Ես ղեկավարել եմ Կալիֆորնիա-Արցախ-Հայաստան համագործակցության խթանման կոմիտեն, և նահանգապետը ստորագրել է այն: Հայ համայնքը զգալի ազդեցություն ունի Կալիֆորնիայի պետական քաղաքականության վրա։
«Մենք պետք է աշխատենք և աջակցենք հայկական հարցին՝ մնալով օրենսդիրների ուշադրության կենտրոնում, որ կարողանանք վերադարձնել Արցախը», — իր խոսքում ասել է Ստեֆանի Օդդոն և հավելել․«Ես հպարտ ամերիկահայ եմ։ Ես երրորդ սերնդի մեջ եմ: Հորս ընտանիքը եկել է Թուրքիայի Սեբաստիա քաղաքից։ Հպարտ եմ, որ հայ եմ և հպարտ եմ, որ աջակցում եմ հայկական գործերին: Ես ժամանակավորապես կատարում եմ Լագունա Նիգուելի քաղաքապետի պարտականությունները: Ես հպարտ եմ, որ աշխատում եմ կոնգրեսական Մայք Լևինի հետ, ով հայկական խմբակցության անդամ է»:
Գալային ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն, ով կարևորել է սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունների, հատկապես՝ Հայ Դատի աշխատանքները:
Մոնթեբելոյի նախկին քաղաքապետ և ներկայումս քաղաքպետի թեկնածու Ջաք Հադջինյանը մտահոգ է, քանի որ վերջին տարիներին թուրքերն ու ադրբեջանցիները շատ համակարգված են աշխատում և հայերի խնդիրն է ավելի կազմակերպված աշխատանքներ իրականացնել:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Արդին Նազարյանի համար Հայ Դատի հետ համախմբված աշխատանքը միշտ տվել է դրական արդյունքներ թե համայնքային, թե քաղաքական առումով, իսկ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդի Քացախյանի համոզմամբ՝ հայության ունեցած ձայները այսօր կարող են որոշիչ դեր խաղալ ԱՄՆ նախագահական ընտրություններում:
«Մենք՝ հայերս, բավականին որոշիչ ձայներ ունենք նահանգներում և անշուշտ, պետք է օգտվենք այդ հնարավորությունից», -ասել է Քացախյանը:
Հայ Դատի հիմնական անելիքներին ավելացել է նաև կոնգրեսում թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծիքների դեմ պայքարելը։ Իր այս մտահոգությունը փոխանցել է Հայ Դատի արևմտյան շրջանի ատենապետ Օշին Հարությունյանը . «Մենք ավելի ամուր և վճռական պետք է լինենք, որովհետև թուրք -ադրբեջանական տանդեմը նոր մարտահրավերներ է բացել հայության առաջ»։
Գալայի մասնակիցները, հյուրերը, կազմակերպիչները վստահ էին, որ տարիների տարած աշխատանքն անարդյունք չի մնա և առաջիկայում ավելի վճռական և համախմբված են պայքարելու հայ դատի լուծումների համար: