Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Արցախի հարցով կապի մեջ է Կոնգրեսի՝ հայկական հարցով զբաղվող հանձնաժողովի ատենապետության հետ․ Եղիսաբեթ Չուլջյան

20 Սեպտեմբերի 2023, 00:40

Քաղաքականություն

9 ամիս է՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ՝ սովոմահ անելով, շրջափակման մեջ պահելով, իսկ այսօր՝ պատերազմով։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը՝ վստահեցնելով, որ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը արդեն իսկ միջազգային գործընկերների հետ քննարկում է Արցախում տիրող իրավիճակը։

«Ամերիկայի հայ դատի հանձնախումբը արդեն իսկ միջազգային գործընկերների հետ քննարկում է Արցախում տիրող իրավիճակը՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը, ինչպես նաև Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակություն տրամադրելը, և անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկելը Արցախ։ Աշխատանքները շարունակվում են։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կապի մեջ է Կոնգրեսի՝ հայկական հարցով զբաղվող հանձնաժողովի ատենապետության հետ։ Նրանք արդեն իսկ քննարկումների մեջ են Սպիտակ տան և ԱԳՆ-ի հետ»,- ասել է Չուլջյանը։

Նրա խոսքով՝ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը այս ինը ամիսների ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հստակորեն ներկայացրել է նախագահ Բայդենին։

«Մենք այս ինը ամիսների ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հստակորեն ներկայացրել ենք նախագահ Բայդենին և ԱՄՆ ԱԳՆ-ին՝ ցույց տալով, որ Ադրբեջանի քայլերը ցեղասպան գործողություններ է իր մեջ պարունակում։ Մենք մշտապես կանգնած ենք արցախցիների, Արցախի կառավարության կողքին և շարունակելու ենք ԱՄՆ-ի կառավարությանը ներկայացնել այն ամենը, ինչ անում է Ադրբեջանն այսօր հայության հետ»,- նշել է Չուլջյանը։