Ամերիկյան հանրահայտ փաստաբանը հրատապ այց կկատարի Հայաստան. հայտնի է՝ ինչու
08 Օգոստոսի 2025, 16:40
Ամերիկյան հանրահայտ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։
News.am-ի փոխանցմամբ՝ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են ԱՄՆ-ին։ Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։
Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։ 2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն և Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաև ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։