Ամերիկյան կինոթատրոններում կցուցադրեն Հայոց Ցեղասպանության մասին պատմող անիմացիոն ֆիլմ

13 Հուլիսի 2023, 22:45

Մշակույթ

Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում։

«style.news.am»-ի փոխանցմամբ՝ Bars Media Films-ը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում «Ավրորայի լուսաբացը» ժապավենի պրեմիերայի մասին: Այն տեղի կունենա Angelika-ի եւ New Plaza Cinema-ի կողմից օգոստոսի 11-ին Նյու Յորքում՝ Village East-ում, իսկ օգոստոսի 18-ին՝ Լոս Անջելեսի Laemmle Glendale-ում, սեպտեմբերի 1-ին՝ Տորոնտոյի Hot Docs Թեդ Ռոջերս կինոթատրոնում: Պրեմիերաներին անձամբ ներկա կլինի ռեժիսոր Իննա Սահակյանը՝ ներկաների հարցերին պատասխանելու։

Ֆիլմը օգոստոսին եւ աշնանը կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի այլ քաղաքներում:

Այս գեղարվեստական ֆիլմը Հայաստանում նկարահանված առաջին անիմացիոն վավերագրական ֆիլմն էր եւ առաջադրվել էր «Օսկարի»։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել IAFF 2022-ում եւ դարձել փառատոնի ֆավորիտ՝ արժանանալով ավելի քան 10 մրցանակների:

«Հայոց Ցեղասպանությունն իմ ժողովրդի անսպառ ցավն է»,- ասել է ռեժիսոր Իննա Սահակյանը։

«Ես վախենում էի պատմել այնպիսի պատմություններ, որոնք միայն հայերին կներկայացնեն որպես զոհ դարձած ազգի: Բայց, տեսնելով Ավրորա Մարդիգանյանի հարցազրույցը, հասկացա, որ այս կինը վերապրել է Ցեղասպանությունը, սակայն հրաժարվել է զոհ լինել։ Սա այն կերպարն է, որը ես ուզում էի ստեղծել Aurora’s Sunrise-ում` դիմացկուն, ուժեղ եւ միեւնույն ժամանակ, հուզիչ»:

Նշենք, որ Ավրորա Մարդիգանյանին համարում են Հայաստանի Ժաննա դ’Արկը՝ կին, որը անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներով՝ հերոսաբար վերապրել է դրանք իր տառապանքների մասին պատմող և աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում և կինոնկարում։