Ամերիկյան Philos Project կազմակերպության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16 Հունիսի 2023, 23:00

Քաղաքականություն

Ամերիկյան Philos Project կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Պատվիրակության կազմում էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին պատմեց Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին»: