ԱՄՆ 60 կոնգրեսական Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
28 Մարտի 2025, 11:21

ԱՄՆ 60 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը և Գեյբ Ամոն գլխավորել են երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին։
«Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է այս երկկուսակցական կոչն ուղղված պետքարտուղար Ռուբիոյին՝ կիրառելու 907-րդ հոդվածը և դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- հայտարարել է Հայ Դատի Ամերիկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով,- «Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ քրիստոնյաների ցեղասպանական էթնիկ զտումներից, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիայից և հայ պատանդների անօրինական կալանավորումից հետո՝ չենք կարող պահանջել, որ ԱՄՆ հարկատուները սուբսիդավորեն այս նավթով հարուստ և կոռումպացված օտարերկրյա բռնապետությունը։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Լոլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին, ինչպես նաև նրանց միացած 60 կոնգրեսականներին՝ իրենց բարոյական հստակ դիրքորոշման և խաղաղասիրական ուժեղ առաջնորդության համար»։