ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը
25 Մայիսի 2023, 12:50
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։ Այս մասին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարում արցախյան հակամարտության պատմությանը, Արցախի՝ իբրև տեղաբնիկ հայ ժողովրդի մշակութային, քաղաքական ու կրոնական կյանքի աշխույժ կենտրոններից մեկը լինելու փաստին։ Որոշման նախաբանում նաև խոսվում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման, Արցախի ինքնորոշմանը հակարդված ադրբեջանական բռնության, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև հանուն անկախության պայքարը շարունակելու՝ Արցախի վճռականության մասին։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա կարևոր քայլ է Արցախի ժողովրդի համար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար:
Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»: