ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի հետ․ Պավել Դուբրավսկի
10 Դեկտեմբերի 2025, 22:00
Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ է նշանակում աշխարհի համար ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը վերանայում է իր դիրքը ողջ աշխարհում։
«Դոնալդ Թրամփի օրոք 2017 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված չէր «սպառնալիք» բառը, բայց, այնուամենայնիվ, համատեքստից մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ընկալվում էր որպես սպառնալիքներից մեկը։ Բայդենի օրոք 2022 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ այն նույնն էր։ Բայց այսօրվա Ազգային անվտանգության ռազմավարությունը ռազմավարության և քաղաքական մանիֆեստի խառնուրդ է։ ԱՄՆ-ն այլ կերպ է նայում աշխարհին. Ռուսաստանն այլևս սպառնալիք չէ, Չինաստանը հիմնական թշնամին է, բայց դա նրանց մոտ բավականին վաղուց է բոլոր ծրագրային փաստաթղթերում։ Իսկ Եվրոպան չի ընկալվում որպես դաշնակից, այլ ընկալվում է որպես կրտսեր գործընկեր, որը պետք է ստանձնի ԱՄՆ-ի համար խնդրահարույց հարցերը, օրինակ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հետևանքները։ Կամ, օրինակ, ազդեցությունը ԱՊՀ հարցերում։ Իսկ ԱՄՆ-ը կենտրոնանում է այլ տարածաշրջանների և այլ հարցերի վրա»,- ասել է Դուբրավսկին։
Քաղաքագետի խոսքով՝ նոր ռազմավարությունը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի հետ առանցքային կետերով և ուղղություններով։
«ԱՄՆ-ը վերանայել է իր դերն աշխարհում։ Նրանք այլևս չեն վճարում USAID-ին և տարբեր կազմակերպությունների, որպեսզի աջակցեն իրենց նման ռեժիմներին կամ նրանց, որոնք ձգտում են նման լինել ԱՄՆ-ին։ Երկրորդ՝ մենք տեսնում ենք թեթևակի առանձնացում Եվրոպական միությունից, գոնե գաղափարական, քանի որ այնտեղ ամրագրված է, որ Եվրոպական միությունը հրաժարվել է իր իրավական հիմքերից, այնտեղ խնդիրներ կան ժողովրդավարության հետ, խնդիրներ կան անօրինական միգրացիայի՝ ընդհանրապես միգրացիայի, բնակչության փոխարինման հետ։ Եվ, համապատասխանաբար, ԱՄՆ-ը դրան չափազանց բացասաբար է նայում։
Եվ կարելի է ավելացնել ևս երրորդ եզրակացություն. վերանայվել է Ռուսաստանի դերը և հարաբերություններն այդ երկրի հետ։ Ռուսաստանն այլևս սպառնալիք չէ, և սա շատ կարևոր է, քանի որ մինչ այդ Ռուսաստանի գլխավոր պահանջներից մեկը ԱՄՆ-ին այն էր, որ իրենց մոտ յուրաքանչյուր չորս տարին մեկ նախագահ է փոխվում, և դրա հետ մեկտեղ ամբողջ արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել, իսկ ՌԴ-ին անհրաժեշտ է կայունություն։ Իսկ կայունությունը, ըստ ձեր փաստաթղթերի, այն է, որ մենք ձեր կողմից ընկալվում ենք որպես սպառնալիք։ Այս փաստաթղթի փոփոխությամբ՝ հասկանալի է, որ դա նաև հռետորական հնարք է, բայց, այնուամենայնիվ, դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը որոշում է բոլոր պետական մարմինների գործունեությունն ու քաղաքականությունը, հատկապես ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, հող է ստեղծվում բանակցությունների և ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար։ Իսկ դաշնակիցներ ոչ մի դեպքում չեն դառնա, որովհետև դա նախատեսված չէ։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը դեռ այս տարվա հուլիսին ասել էր, որ Ռուսաստանը ընկալվում է որպես մրցակից տարածաշրջանում, բայց ոչ որպես դաշնակից։ Բայց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ենթադրում է համագործակցություն առանցքային կարևոր կետերով և ուղղություններով։ Եվ ինձ թվում է, որ հենց սա է շատ կարևոր», — եզրակացրել է Դուբրավսկին։