ԱՄՆ Գրանիտ քաղաքը բարեկամություն է հռչակում Արցախի Աշան գյուղի հետ

17 Մայիսի 2023, 20:00

Հայեր

ԱՄՆ Իլինոյս նահանգի Գրանիտ քաղաքի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան գյուղի միջև բարեկամություն է հաստատվում։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբից։

Բացի այդ, Գրանիտի քաղաքային խորհուրդը նախորդ ամիս այս նորության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Համաձայն հռչակագրի՝ կողմերի միջև հիմք է դրվում երկարաժամկետ համագործակցության համար։ Քայլեր են արվելու նաև Աշանին աջակցելու, Արցախում տնտեսական կայունությունը, մշակույթը պահպանելու ուղղությամբ։

Նշենք, որ Աշան գյուղը լուրջ վնասներ է կրել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։ «Արցախցիները, իսկ ավելի կոնկրետ՝ աշանցիները, տարիներ շարունակ ենթարկվել են Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին։ Վճռական լինելով մեր տներում և մեր բնիկ հողում մնալու մեր կամքի մեջ՝ մենք բախվել ենք շատ դժվարությունների։ Այս հռչակագիրը և այս Բարեկամության քաղաքի ստեղծումը ցույց է տալիս, որ Սփյուռքը և Արևելյան Միացյալ Նահանգների համայնքները մեր թիկունքին կանգնած են։ Միջազգային հանրության աջակցությամբ մենք կարող ենք շարունակել դիմակայել թշնամուն՝ բնաջնջման վտանգի պայմաններում»,-ասել է Աշանի ղեկավար Արմեն Բալասանյանը։ «Մի բան մնում է հստակ՝ այս հողի վրա ապրելու մեր իրավունքն անօտարելի է»,-շեշտել է նա։