ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո
29 Ապրիլի 2024, 22:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ աջակցությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ղեկավարությունը հեռանում է Ռուսաստանից։
«ԱՄՆ-ի աջակցությունը կապված է ոչ թե այն բանի հետ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա խաղաղ կարգավորում, այլ այն, որ հայկական ղեկավարությունն ամեն կերպ հեռանում է Ռուսաստանից։ Եվ այդ վեկտորն, անշուշտ, ամերիկյան ղեկավարությունը աջակցում է և շարունակելու է աջակցել հետագայում։
Ցանկացած ինքնուրույնություն, որը վերաբերում է Հայաստանին կամ նախկին Խորհրդային Միության մեկ այլ հանրապետության, որպես կանոն, ենթադրում է ապաինդուստրիալացում, դեպոպուլյացիա, ռազմական հակամարտությունների առկայություն։ Դա տեղի է ունենում, երբ այդ հանրապետությունները հեռանում են Ռուսաստանից և սկսում են իրենց սեփական ճանապարհը դեպի արևմուտք», — ասել է Բեզպալկոն։
Նրա կարծիքով՝ եթե այս միտումները շարունակվեն, Հայաստանն էլ ավելի մեծ տարածքային կորուստներ կունենա։
«Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային։ Արևմուտքը Թուրքիայի տարածքով ելք կստանա դեպի Կասպից ծով։ Եվ դա արդեն կվտանգի ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի շահերը։ Կարծում եմ, որ հենց դա է հիմնական նպատակը: Հայաստանն այստեղ ընդամենը մանրադրամ է», — նշել է Բեզպալկոն։
Ըստ քաղաքագետի՝ ամենազարմանալին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն է՝ մոռանալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։
«Ինձ ոչ այնքան զարմացրեց չորս գյուղերի հանձնումը, որքան Փաշինյանի կոչը՝ մոռանալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Դա հայկական ինքնության մի մասն է, և երբ հայը կոչ է անում հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, դա զարմանալի է»,- եզրափակել է Բեզպալկոն: