ԱՄՆ-ի այս քաղաքականությունը գործել է Խորհրդային Միության փլուզման հենց սկզբից. Էդուարդ Լոզանսկի

08 Նոյեմբերի 2024, 10:50

Կարծիք | Քաղաքականություն

Մոսկվայի Ամերիկյան Համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը նախապատրաստում է Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գործողություն:

«Դրա հետ դժվար է չհամաձայնել, քանի որ այդ քաղաքականությունը գործել է Խորհրդային Միության փլուզման ամենասկզբից, ջանքեր են գործադրվել, որպեսզի նախկին խորհրդային հանրապետությունների և Ռուսաստանի հարաբերությունները, եթե ոչ ամբողջությամբ ավերվեն, ապա առնվազն զգալիորեն թուլանան։ Դրա համար կա հատուկ հիմնադրամ՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը(NED)։ Մեծ գումարներ են հատկացվել տարբեր հասարակական կազմակերպությունների, որոնք պետք է առաջ տանեին այսպես կոչված արևմտյան քաղաքակրթության մեջ՝ Եվրոպական Միությունում ընդգրկվելու գաղափարը: Նրանք հսկայական միջոցներ էին ներդնում նախկին Խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում, այնտեղ ստեղծվում էին ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք դրամաշնորհներ էին ստանում, և այդ դրամաշնորհները պետք է առաջ տանեին արևմտյան երկրների հետ մերձեցման գաղափարը՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Միջոցները շարունակում են ներդրվել, և ես կասկածում եմ, որ դա կփոխվի Թրամփի (ԱՄՆ նորընտիր նախագահ) իշխանության գալուց հետո, քանի որ դա քաղաքականություն է, որը վարում է Կոնգրեսը, և դժվար թե Թրամփը դրան առանձնապես միջամտի», — ասել է Լոզանսկին։

Փորձագետի կարծիքով՝ ավելի լավ է նորմալ հարաբերություններ պահպանել բոլորի, առավել ևս այնպիսի հարևանների հետ, ինչպիսին Ռուսաստանն է։

«Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետը (Նիկոլ Փաշինյանը) չունի հստակ արտահայտված դիրքորոշում և շտապում է մի կողմից մյուսը։ Նրան Ամերիկան տարբեր բարիքներ է խոստանում, բայց, բնականաբար, նա հասկանում է, որ այն ամենը, ինչ առաջարկում է Ամերիկան, Հայաստանի շահերից չի բխում։ Ամենախելացի բանը նախկին Միության բոլոր երկրների համար անկախ կուրս անցկացնելն ու չեզոքություն պահպանելն էր, այլ ոչ թե մի կողմից մյուսը նետվելը։ Ավելի լավ է նորմալ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, առավել ևս այնպիսի հարևանների հետ, ինչպիսին Ռուսաստանն է։ Բայց ահա Ամերիկային դա դուր չի գալիս», — եզրափակել է Լոզանսկին։