ԱՄՆ-ի դիվանագետն Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ զրույցում նշել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությունը

15 Մայիսի 2023, 09:25

Քաղաքականություն

Մայիսի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Փոխնախարար Էլնուր Մամեդովն ասել է, որ «Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ելքով՝ որպես այն կողմ, որը հանդիսանում է հարաբերությունների կարգավորման գլխավոր նախաձեռնողը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրումը» (չակերտները Tert.am-ի)։

Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացրած երկրի փոխնախարարն ընդգծվել է, որ «Հայաստանի ջանքերը՝ խոչընդոտելու խաղաղության գործընթացը, ներառյալ վերջին ռազմական սադրանքները, որոնք հանգեցրել են սահմանամերձ շրջանում զոհերի, նպատակ ունեն խաթարել միջազգային բանակցային ջանքերը» (չակերտները Tert.am-ի)։

Էրիկա Օլսոնն իր հերթին նշել է «տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությունը, ինչի համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել»։ Նա նշել է, որ «ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի բանակցություններին»։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»։