ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններից մեծ ակնկալիքները հազիվ թե արդարացվեն. Անդրեյ Արեշև
27 Փետրվարի 2025, 21:30
Ռուս քաղաքագետ, քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում առկա ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները։
Փորձագետի կարծիքով՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում անսպասելի զարգացումները չեն բացառվում։
«Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է սպասել ադրբեջանական ինքնաթիռի աղետի հետ կապված միջադեպի հետաքննության ավարտին։ Եվ տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում։ Ինձ թվում է, որ այստեղ փոխազդելու հակասական միտումներ կլինեն։ Մի կողմից ցանկություն կա հարթելու Մոսկվայի և Բաքվի միջև սերտ կապերի համատեքստում առաջացած թյուրըմբռնումներն, օրինակ՝ էներգետիկ ոլորտում։ Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ կան նաև ուժեր, որոնք ձգտում են բարդացնել իրավիճակը։ Եվ ելնելով որոշ տեղեկատվական հաղորդագրություններից, որոնք մենք տեսնում ենք վերջին օրերին, մասնավորապես՝ կապված «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության հետ, կարող ենք ենթադրել, որ այս իրավիճակն այս կամ այն կերպ կմնա օրակարգում և չեն բացառվում անսպասելի զարգացումները», — ասել է Արեշևը։
Քաղաքագետի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում բացասական միտումը բավական լուրջ իներցիա ունի, ուստի պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններն իսկապես զարգանում են։ Սաուդյան Արաբիայում կայացել է առաջին հանդիպումը: Հնարավոր է՝ առաջիկայում այլ բանակցություններ տեսնենք։ Բայց, ինձ թվում է, ինչ-որ ուռճացված սպասումները հազիվ թե արդարացվեն, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերություններում բացասական միտումը բավական լուրջ իներցիա է հավաքել։ Եվ հիմա մենք տեսնում ենք Թրամփի վարչակազմի (ԱՄՆ նախագահ) և անձամբ ԱՄՆ նախագահի փորձերը՝ իրացնել Միացյալ Նահանգների տնտեսական շահերը և ինչ-որ համապատասխանություն գտնել ուկրաինական հակամարտության կարգավորման հետ: Բայց կստացվի դա անել, թե ոչ, մեծ հարց է, քանի որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից կան այլ խաղացողներ, որոնք այս կամ այն կերպ կփորձեն ազդել, և փաստ չէ, որ դրական ազդեցություն կունենան։
Ես կարծում եմ, որ իրադրության կայունացումը նախկին ուկրաինական ԽՍՀ ճակատներում կոչված է որոշակի կարգուկանոն մտցնել, այդ թվում նաև Հարավային Կովկասի գործընթացում, որն այժմ, իհարկե, զարգանում է բավականին քաոսային և բուռն», — եզրափակել է Արեշևը: